Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թրամփը ստիպված է կլլել հակառուսական պատժամիջոցների դառը հաբը

Թրամփը ստիպված է կլլել հակառուսական պատժամիջոցների դառը հաբը
31.07.2017 | 10:50

Հուլիսի 28-ի երեկոյան Սպիտակ տունը հաղորդեց, որ Դոնալդ Թրամփը ծրագրում է ստորագրել Կոնգրեսի հավանությունը ստացած օրինագիծը, որը կսահամանափակի նրա իրավունքը՝ հանել հակառուսական պատժամիջոցները, որ հզոր հարված կդառնա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հարաբերություններին: Հաշվի առնելով երկու կուսակցությունների կոնգրեսականների համերաշխությունը, նաև՝ ՌԴ նախագահի վերաբերյալ նրա մտադրությունների առնչությամբ բազում կասկածները, Թրամփն այլ ելք չունի, թեպետ Սպիտակ տունը վճռականորեն դեմ էր արտահայտվում այդ օրինագծի ընդունմանը: «Եթե Թրամփի վարչակազմը վետո դնի օրինագծի վրա, դա խելամիտ քայլ չի լինի,- ասաց պետքարտուղարության պաշտոնյաներից մեկը, որ մասնակցել է պատժամիջոցային քաղաքականության մշակմանը:- Այդ դեպքում Կոնգրեսը կհաղթահարի նրա վետոն, իսկ ռուսական սկանդալը Վաշինգտոնում ավելի ուժեղ կբռնկվի»:

Սպիտակ տունը հայտարարություն է տարածել՝ փորձելով փրկել իր հեղինակությունը՝ վիթխարի քաղաքական պարտությունից հետո: Հայտարարությունը նշում է, որ Թրամփը բանակցություններ է վարել օրինագծի մեջ որոշ փոփոխություններ կատարելու համար և «հաշվի առնելով պատասխան արձագանքը իր մասնակցությանը, նա հավանություն է տալիս այդ օրինագծին և մտադիր է ստորագրել»: Հայտարարության տարածման պահը՝ ուրբաթօրյա ամառային երեկո, Սպիտակ տան կադրային խառնաշփոթի խորապատկերում, հանգեցրեց իրադարձության համեմատաբար համեստ լուսաբանման, որ, շատ վերլուծաբանների կարծիքով, հարուցելու է էական փոփոխություններ ռուս-ամերիկյան հարաբերություններում: Այդ օրինագիծը, որ նոր պատժամիջոցներ է սահմանում նաև Հյուսիսային Կորեայի ու Իրանի դեմ, Կոնգրեսի երկու պալատների հավանությունը ստացավ գործնականում միաձայն: Օրինագիծը պահանջում է, որ Թրամփը գրավոր շարադրի իր փաստարկները Ռուսաստանի դեմ այս կամ այն պատժամիջոցները հանելու օգտին և Կոնգրեսն անպայման ստուգումներ անցկացնի նման փորձերի դեպքում: Կոնգրեսի երկու պալատների անդամները չափազանց անհանգստացած են Պուտինի հետ ջերմ հարաբերություններ հաստատելու Թրամփի ձգտումներից՝ չնայած համոզիչ ապացույցներին, որ Ռուսաստանը միջամտել է 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին և չնայած Կրեմլի հետ Թրամփի թիմի ենթադրյալ կապերի հետաքննությանը: Թրամփն ու Պուտինը կարողացան ընդհանուր լեզու գտնել մի քանի խոսակցությունների ընթացքում Մեծ քսանյակի սամմիթում՝ հուլիսի սկզբին, Համբուրգում: Բայց մինչև օրինագիծը ստորագրելու Թրամփի համաձայնությունը, զայրացած Պուտինը կարգադրեց կրճատել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը և հետ վերցնել անշարժ գույքի մի մասը, որից օգտվում էին ԱՄՆ դիվանագետները Ռուսաստանում: Դա պատասխան քայլ էր իրադարձությունների, երբ նախագահ Բարաք Օբաման փակեց դիվանագիտական երկու համալիրները՝ Մերիլենդում ու Նյու Յորքում՝ իբրև պատիժ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության: ԱՄՆ պաշտոնյաների կարծիքով՝ այդ համալիրները ռուսներն օգտագործում էին լրտեսության համար: Կրեմլը պնդում է, որ դրանք հանգստավայրեր էին, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը համալիրների գրավումն անվանեց «կողոպուտ օրը ցերեկով»:

Դեկտեմբերին Ռուսաստանը պատասխան քայլեր չձեռնարկեց Օբամայի՝ ռուսական դիվանագիտական ունեցվածքը առգրավելուն: Որոշ տվյալներով՝ Ռուսաստանի այդ որոշումը կայացվեց, երբ ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը խոստացավ Վաշինգտոնում ՌԴ դեսպանին, որ հենց Թրամփը պաշտոնը ստանձնի, որոշումը կբեկանի: Սակայն Թրամփը մինչև հիմա դա չի արել և պատժամիջոցները, որ նա պատրաստվում է ստորագրել, գործնականում դա անհնար են դարձնում՝ հաշվի առնելով Կոնգրեսի վճռական հակակրեմլյան տրամադրվածությունը: Հուլիսի 28-ին ռուս պաշտոնյաները հայտարարեցին, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները գահավիժում են: «Մենք չենք բացառում մեզ համար քայլերը, որ ուշքի կբերեն չափն անցած ռուսաֆոբներին, որ այսօր թելադրող են Կապիտոլիումում»՝ հայտարարեց ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: Նա զգուշացրեց նաև օրինագծի «հնարավոր ապակառուցողական հետևանքների մասին»: Վերլուծաբանների կարծիքով՝ Մոսկվան դեռ հույս ունի պայմանավորվել Թրամփի հետ, որ երկար ժամանակ հրաժարվում է լսել Պուտինի մտադրությունների վերաբերյալ նախազգուշացումները և ասում էր, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են համագործակցել Մերձավոր Արևելքում, ահաբեկչության դեմ պայքարում ու կիբեռանվտանգության ոլորտում: Նոր օրինագիծը այդ համագործակցությունը չափազանց բարդ խնդիր է դարձնում: Օրինագիծն արձանագրում է այն պատժամիջոցները, որ Օբաման սահմանել էր գործադիր հրամանագրերով և Կոնգրեսին 30 օր է տալիս ստուգելու Թրամփի փորձերը՝ թուլացնել պատժամիջոցները: Հուլիսի սկզբին Սպիտակ տան օրենսդիր գործունեության հարցերով տնօրեն Մարկ Շորտը հայտարարեց, որ օրինագիծը «ստեղծում է աննախադեպ նախադեպ արտաքին քաղաքականության հարցերը Կոնգրեսի 535 անդամներին փոխանցելու»:

Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նույնպես Կոնգրեսին կոչ էր անում նախագահին չզրկել Մոսկվայի հետ բանակցություններում «ճկունություն» դրսևորելու հնարավորությունից: Դա հիշեցնում է այն փաստարկները, որ օգտագործում էր Օբաման, երբ համոզում էր Կոնգրեսին չխառնվել իր բանակցություններին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Օբաման անօգուտ պայքարում էր Թեհրանի դեմ պատժամիջոցների խստացման դեմ, ի վերջո նա ստիպված էր Կոնգրեսին ներկայացնել համաձայնագրի վերջնական տարբերակը ստուգման համար: Բայց Օբամայի վարչակազմի պաշտոնյաները, որ աշխատել էին Իրանի հետ համաձայնագրի վրա, Ռուսաստանի հետ ընթացիկ իրավիճակը ուրիշ են համարում: «Ընդհանուր առմամբ՝ ես կարծում եմ, որ Կոնգրեսը չպետք է շատ հեռուն գնա՝ փորձելով ոտնձգություններ անել արտաքին քաղաքականության հարցերում գործադիր իշխանության մենաշնորհների դեմ»,- ասաց Ջոն Ֆայները, որ Ջոն Քերիի օրոք պետքարտուղարության աշխատակազմի ղեկավարն էր: «Սակայն երկու առանցքային տարբերություններ Ռուսաստանի դեպքը բացառիկ են դարձնում՝ աննախադեպ միջամտությունը (Թրամփը Վաշինգտոնում միակ մարդն է, որ չի կարող դա ընդունել) մեր ընտրություններին և վարչակազմի չթուլացող ստի հորձանքը Ռուսաստանի հետ իր կապերի վերաբերյալ, որ հարց է դնում մեր առաջ՝ ինչու՞ են նրանք ցանկանում Ռուսաստանի հետ համաձայնության գալ»՝ բացատրում է Ջոն Ֆայները:


Սպիտակ տունը հասավ օրինագծի տեքստում որոշ փոփոխությունների, երբ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը արդեն ընդունել էին, այդ թվում փոփոխությունների, որ պնդում էին էներգետիկ ընկերությունները: Պարզ դարձավ, որ Թրամփը ստիպված է ստորագրել: Երբ անցած շաբաթ Կոնգրեսը համաձայնեցնում էր օրինագիծը, Թրամփը Թվիթերում զայրացած գրեց, որ «ռուսական վհուկների կեղծ որսը շարունակվում է» և հավելեց, որ «շատ տխուր է, որ հանրապետականները, նույնիսկ նրանցից ոմանք, որ ինձ հետ են եկել, իրենց նախագահին պաշտպանելու փորձեր չեն անում»: Թրամփը այդ օրինագծի միակ քննադատը չէ Ռուսաստանից դուրս: Եվրոպացի պաշտոնյաները ևս իրենց անհանգստությունն են հայտնել, որ օրինագիծը կարող է Թրամփին իրավունք տալ արգելափակել ներդրումները մայր ցամաքի այն էներգետիկ նախագծերում, որոնց մասնակցում է Ռուսաստանը:
Մայքլ ԿՐՈՈՒԼԻ, Politico


Հ.Գ. Եվրոպացի պաշտոնյաների անհանգստությունը, իհարկե, մեղմ է ներկայացված: ԵՄ-ն ոչ թե անհանգստացած, այլ զայրացած է: ԱՄՆ թերթաքարային գազը ռուսականից թանկ է, հետևաբար եվրոպական արտադրանքը սակավ մրցունակ է դարձնելու շուկայում: Եվրոպան կարող է միլիարդների կորուստներ կրել և դա ոչ թե անհանգստություն, այլ՝ բրեկզիտից հետո երկրորդ անակնկալ հարվածն է ԵՄ-ին: Հնարավոր պատժամիջոցների տակ են հայտնվում Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ընկերությունները առաջին հերթին: ԱՄՆ-ը ԵՄ-ին կհամոզի՞, տանկերներ ու խաբեր կկառուցի՞՝ հազարավոր աշխատատեղեր ստեղծելով իր համար, թե՞ Հին աշխարհը իր շահերը կպաշտպանի Նոր աշխարհից: Անգլոսաքսերի նո՞ր դավադրությունն է աշխարհի դեմ: Ինչ եղավ հետո Վաշինգտոնում, երբ Համբուրգում ընթրիքի ժամանակ Թրամփը մոտեցավ Պուտինի՞ն: Թե այս օրինագիծը պատրաստ էր վաղուց և, միևնույն է, Քլինթոնը լիներ նախագահ, թե Թրամփը, ԱՄՆ-ը գնալու էր իր ճանապարհով:
Մնում է միայն ենթադրել, թե ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները ուր կհասնեն և ինչպես կանդրադառնան Հայաստանի վրա, բայց դա արդեն աշնանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ